BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18.09.2014 | 12:32

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի, սեպտեմբերի 16-17-ին տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով` ընդլայնված կազմով: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից հաղորդում են, որ ժողովի սկզբում ժողովականներին հայրապետական իր օրհնությունն է բերել Ամենայն հայոց կաթողիկոսը` արդյունավետ ընթացք մաղթելով ժողովի աշխատանքներին: Նորին Սրբությունը ողջունել է ժողովին ԳՀԽ նոր անդամների ներկայությունը՝ ի դեմս Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի, Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի հայրապետական պատվիրակ, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանի և Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի:
ԳՀԽ օրակարգում ընդգրկված են եղել առաջիկա սեպտեմբերի 18-20-ին Եկեղեցական-ներկայացուցչական ժողովին, 2015 թ. սեպտեմբերի 27-ին Մյուռոնօրհնության արարողությանը, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով նախատեսվող միջոցառումների կազմակերպմանը, Թեմական ուղենիշային կանոնադրության թեմական կանոնադրություններում ներդրման գործընթացին առնչվող հարցեր, թեմական, ծիսական և կարգապահական խնդիրներ:
Մայր Աթոռում գումարվելիք եկեղեցական-ներկայացուցչական ժողովի նախապատրաստության մասին զեկույց է ներկայացրել Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը` հանգամանորեն անդրադառնալով կազմակերպիչ հանձնախմբի կատարած աշխատանքներին և ընդգծելով, որ Մայր Աթոռը պատրաստ է հյուրընկալելու ժողովի առիթով Նվիրապետական Աթոռներից ու աշխարհասփյուռ թեմերից ժամանող 155 ներկայացուցիչներին: Լսելով ներկայացված զեկույցը` Գերագույն հոգևոր խորհուրդը գնահատանք է հայտնել կազմակերպիչ հանձնախմբին:
Ժողովականները քննարկել են եկեղեցական-ներկայացուցչական ժողովի կանոնադրության նախագիծը, որ ներկայացրել է եկեղեցական-ներկայացուցչական ժողովի կանոնադրության մշակման հանձնախմբի նախագահ, Տավուշի թեմի առաջնորդ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը: Կատարված առաջարկների հիման վրա լրամշակված նախագիծը հանձնարարվել է քննարկել առաջիկա եկեղեցական-ներկայացուցչական ժողովի ընթացքում:
ԳՀԽ անդամները լսել են թեմական կանոնադրությունների լրամշակման և խմբագրման հանձնախմբի ատենապետ, Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի զեկույցը թեմական ուղենիշային կանոնադրության թեմական կանոնադրություններում ներդրման գործընթացի մասին: Գերագույն հոգևոր խորհուրդը, գնահատանք հայտնելով կատարված աշխատանքի համար, հորդորել է շարունակել և ամբողջացնել թեմերում կանոնադրության ներդրման գործընթացը: Խորհուրդը, կարևորելով Հայ եկեղեցու պայծառությանն ու առաքելության արդյունավետ իրագործմանը միտված այս կանոնադրական կանոնակարգումը, թելադրել է թեմերին նախանձախնդրությամբ ավարտին հասցնել որդեգրված փաստաթղթի ներդրման գործընթացը:
2009 թ. թեմական ուղենիշային կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին հանձնախմբի առաջարկները ԳՀԽ անդամներին է ներկայացրել հանձնախմբի անդամ, Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Առաջարկվող փոփոխությունների նպատակն է ընդարձակել աշխարհականների մասնակցությունը թեմերի կառավարման գործընթացին, հստակեցնել և կանոնակարգել կապը Մայր Աթոռի և թեմերի միջև:
Գերագույն հոգևոր խորհուրդն ի գիտություն է ընդունել նաև Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի զեկույցը Մյուռոնօրհնության արարողության նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին:
Մայր Աթոռի կողմից հայաշատ կենտրոններում կազմակերպվող Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների մասին զեկույցով հանդես է եկել կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ, ԱՄՆ-ի Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: Զեկույցի քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայ եկեղեցու աշխարհասփյուռ թեմերի կողմից ծրագրվող հիշատակի միջոցառումներին: Կարևորվել է քույր եկեղեցիների հոգևոր պետերի, էկումենիկ կազմակերպությունների, ինչպես նաև այլ կրոնների ներկայացուցիչների մասնակցությունը 2015 թ. ծրագրվող միջոցառումներին:
Ժողովի ընթացքում ԳՀԽ անդամները լսել են նաև Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի զեկույցը Աստվածաշնչի «Ս. Էջմիածին» թարգմանության սրբագրության վերաբերյալ: Սրբազան Հայրը տեղեկացրել է, որ երջանկահիշատակ Վազգեն Վեհափառի նախաձեռնությամբ 1985 թ. գրաբարից կատարված Ս. գրքի թարգմանությունը Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի օրհնությամբ Աստվածաշնչային ընկերության կողմից` աջակցությամբ Մայր Աթոռի միաբանների, տասը տարիների ընթացքում սրբագրության է ենթարկվել: Գերագույն հոգևոր խորհուրդը, ողջունելով կատարված աշխատանքը, գնահատանք է հայտնել Աստվածաշնչի «Ս. Էջմիածին» թարգմանության սրբագրման կարևոր գործում իրենց ներդրումն ունեցած բոլոր անձերին:

Դիտվել է՝ 868

Մեկնաբանություններ